Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»
Քաղաքականություն

Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կայացան հերթական ընտրություններ, և հանրային քննարկումների կենտրոնում դարձյալ իշխանության հնարավոր փոփոխությունն էր: Չստացվեց: Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրական շրջադարձերը տեղի են ունենում ոչ միայն իշխանափոխությամբ, այլ նաև այն ժամանակ, երբ հասարակությունը վերագտնում է իր ինքնությունը, իր արժեքային առանցքը և իր պատմական գոյության իմաստը։ Քաղաքական փոփոխությունը, եթե այն չի ուղեկցվում արժեքային և հոգևոր վերակազմակերպմամբ, մնում է ձևի փոփոխություն՝ առանց բովանդակության վերափոխման։

Այսօր Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը հենց իմաստային ճգնաժամն է։ Վերջին տարիներին խորացել են բևեռացումները, անվստահությունը, պատմության նկատմամբ հակասական վերաբերմունքը և ազգային ինքնության շուրջ անորոշությունը։ Պետությունը կարող է պահպանել իրավական ձևը, սակայն կորցնել իր ներքին ամրությունը, եթե թուլանում է ժողովրդի ինքնության և պատասխանատվության գիտակցությունը։

Ժամանակակից աշխարհում պետությունների կայունությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական կամ ռազմական կարողություններով, այլ նաև իմաստային դիմադրողականությամբ։ Մարդը կարող է ապրել տեխնոլոգիական զարգացման պայմաններում, բայց միաժամանակ կորցնել իր գոյության նպատակի գիտակցությունը։ Նույնը վերաբերում է պետություններին. երբ հասարակությունը չի տեսնում իր պատմական շարունակականությունը, թուլանում է նաև պետական շարունակականությունը։

Հայ ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս, որ մեր գոյությունը երբեք չի հիմնվել միայն նյութական ռեսուրսների վրա։ Մենք բազմիցս կորցրել ենք պետականությունը, անցել պատերազմների, ցեղասպանության և արտագաղթի միջով, սակայն պահպանվել ենք ազգային խորքային գիտակցության շնորհիվ։ Այդ գիտակցության հիմքում եղել են քրիստոնեական հավատքը, ընտանիքի արժեքը, կրթության նկատմամբ հարգանքը, հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը և պատմական հիշողությունը։

Հասարակությունները կառուցվում են այն արժեքների շուրջ, որոնք իրենք պաշտպանում են։ Եթե գերակշռում են արդարությունը, ճշմարտությունը և արժանապատվությունը, հասարակությունը ամրանում է։ Եթե գերակշռում են շահը և նպատակահարմարությունը, հասարակությունը սկսում է քայքայվել։

Այս ամենի պատկերին Հայաստանի վերականգնումը պահանջում է ոչ միայն քաղաքական փոփոխություն, այլ նաև քաղաքակրթական վերածնունդ։ Անհրաժեշտ է ազգային ինքնագիտակցության վերականգնում, կրթական և մշակութային համակարգերի ամրապնդում և պետական մտածողության վերակառուցում։

Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական միջավայրը այս գործընթացը դարձնում է առավել բարդ։ Հարավային Կովկասը դարձել է ուժային կենտրոնների մրցակցության խաչմերուկ։ Ուկրաինական պատերազմը փոխել է ուժային հավասարակշռությունները, Մերձավոր Արևելքի անկայունությունը ավելացրել է ռիսկերը, իսկ գլոբալ մրցակցությունը սրվել է։

Այս պայմաններում փոքր պետությունների ճակատագիրը կախված է ոչ միայն արտաքին հարաբերություններից, այլ նաև ներքին համախմբվածությունից։ Անվտանգությունը միայն ռազմական համակարգ չէ. այն ազգային կամքի, ռազմավարական մտածողության և հասարակական վստահության ամբողջական համակարգ է։

Միաժամանակ, առանցքային բաղադրիչներից է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը։ Երբ քաղաքացին չի վստահում դատարանին, խորհրդարանին կամ պետական համակարգին, սկսում է քայքայվել պետության ներքին միասնականությունը։ Ինստիտուտները պետության ողնաշարն են, և դրանց թուլացումը համակարգային անկայունություն է ստեղծում։

Հասարակական բևեռացումը ևս խորացնում է այս վիճակը։ Երբ քաղաքական մրցակցությունը վերածվում է ներքին բաժանման, սկսվում է ազգային ներուժի կորուստ։ Այդ դեպքում քաղաքացիները այլևս չեն տեսնում միմյանց որպես նույն պետության մաս։

Այս բոլոր գործընթացների հիմքում արժեքային ճգնաժամն է։ Երբ հասարակությունը կորցնում է իր արժեքային կողմնացույցը, խաթարվում է առաջնայինի և երկրորդականի, արդարի և օգտակարի տարբերությունը։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն կառույցներով, այլ ընդհանուր պատկերացումով բարոյականության և պատասխանատվության մասին։

Իրական ազատությունը նույնպես ունի խորքային իմաստ։ Այն չի սահմանափակվում ընտրության իրավունքով, այլ ենթադրում է պատասխանատվություն։ Ազատ հասարակությունն այն չէ, որտեղ բոլորը պահանջում են, այլ այն, որտեղ քաղաքացին պատրաստ է և հնարավորություն ունի ստեղծել ընդհանուր բարիք։

Հայաստանի ապագան կախված է ոչ միայն նրանից, թե ով է ձևավորում իշխանությունը, այլ նաև նրանից, թե ինչ պետություն է ցանկանում կառուցել հասարակությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները վերածնվում են ոչ թե իշխանափոխությամբ, այլ ինքնագիտակցության վերականգնմամբ։ Երբ ժողովուրդը վերագտնում է իր էությունը, նույնիսկ ծանր վիճակը դառնում է նոր վերելքի սկիզբ։

Պետությունները չեն կործանվում միայն արտաքին ճնշումներից։ Դրանք թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը։ Եվ ճիշտ նույն կերպ՝ պետությունները վերականգնվում են այն ժամանակ, երբ հասարակությունը կրկին սկսում է հասկանալ, թե ինչու է գոյություն ունենում իր պետությունը և ինչ պատասխանատվություն ունի իր պատմության առաջ։ Այդ պահից է սկսվում ոչ միայն քաղաքական փոփոխությունը, այլ նաև պետության վերածնունդը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում