Audi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը
Հիբրիդային կուպեն, որը համատեղում է երկտուրբո V8 շարժիչն ու երեք էլեկտրամոտորները, թողարկվելու է ընդամենը 499 օրինակով, հայտնում է Robb Report-ը:

Վերջին 12 ամիսների ընթացքում Audi AG ընկերությունը վճռականորեն սեղմել է գազի սեղմակը՝ սկսելով նորարարությունների և մեծ արագությունների ոլորտում իր հարուստ ժառանգության լայնածավալ ցուցադրությունը: Այս կարճ ժամանակահատվածում գերմանական բրենդը հասցրել է լիովին էլեկտրական Concept C սպորտքարով ցուցադրել իր դիզայնի ֆուտուրիստական ոճը, սեփական թիմով մուտք գործել Ֆորմուլա 1-ի 2026 թվականի մրցաշրջան, իսկ այսօր արդեն ներկայացրել է Audi Nuvolari հիբրիդային սուպերքարը, որն ընկերությունն անվանում է «բրենդի պատմության ամենաարագ և ամենահզոր սերիական մեքենան»։

Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության՝ Nuvolari-ի կապոտի տակ տեղադրված է 4,0 լիտր աշխատանքային ծավալով, երկակի տուրբոմղմամբ V8 շարժիչի (որն ապահովում է 800 ձիաուժ և 730 Նմ պտտող մոմենտ) և յուրաքանչյուրը 147,5 ձիաուժ (110 կՎտ) հզորությամբ երեք աքսիալ էլեկտրամոտորների համակցությունը: Էլեկտրական շարժիչներից երկուսը տեղակայված են առջևի սռնիի վրա և միասին արտադրում են ահռելի՝ 2150 Նմ պտտող մոմենտ, իսկ երրորդն ինտեգրված է ութգլան ներքին այրման շարժիչի և փոխանցման տուփի միջև:
Մեքենայի էլեկտրական մասը սնվում է 7,3 կՎտժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցից։ Այս կոնֆիգուրացիայի շնորհիվ դինամիկ բնութագրերն ուղղակի ապշեցնում են. 0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է ընդամենը 2,6 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 350 կմ/ժ-ը։ Եվ սա սերիական Audi-ի համար:
Nuvolari-ն ունի ընթացքի չորս հիմնական ռեժիմ.
- E-Hybrid (լիովին էլեկտրական ռեժիմ),
- Balanced (օպտիմալացնում է ներքին այրման շարժիչի և էլեկտրամոտորների համատեղ աշխատանքը),
- Dynamic (բացահայտում է մեքենայի սպորտային բնավորությունը),
- Dynamic+ (առավելագույն հզորություն և մաքուր ադրենալին):
Բացի այդ, նախատեսված է նաև մրցուղային ռեժիմ (Track Mode), որը կարելի է ճշգրիտ հարմարեցնել չոր կամ թաց վազքուղուն, ակտիվացնել մրցարշավային օպտիմալացումը կամ ամբողջությամբ անջատել քարշի հսկողության (traction control) համակարգը:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Nuvolari-ում առաջին անգամ կիրառվել է Audi-ի նոր տեխնոլոգիական լուծումը՝ ֆիրմային Space Frame տարածական հիմնակմախքի (ռամայի) և ամբողջությամբ ածխապլաստիկից (կարբոնից) պատրաստված թափքի համակցումը: Սերիական մոդելների համար ևս մեկ նորույթ է կենտրոնական հեղյուսով (մեկ մանեկով) կռածո անվահեծերի կիրառումը:
Մինիմալիստական սրահ և հարգանքի տուրք պատմությանը
Ինտերիերի մասին տեղեկությունները դեռ քիչ են: Դատելով նախասերիական պրոտոտիպի առաջին լուսանկարներից՝ սրահն իրենից ներկայացնում է մինիմալիզմի իսկական մարմնավորում: Ներսում տեղադրված են կարբոնե հիմքով սպորտային նստատեղեր, իսկ առջևի վահանակի ֆունկցիաների կառավարումը գրեթե ամբողջությամբ լինելու է սենսորային ու էկրանային ձևաչափով, այլ ոչ թե անալոգային:

Նորույթն անվանվել է անցյալ դարի իտալացի լեգենդար ավտոարշավորդ Տացիո Նուվոլարիի պատվին: Այս սուպերքարով Audi-ն բարձրաձայն հայտարարում է շուկան հերթական անգամ ինժեներական տրիումֆով զարմացնելու իր մտադրության մասին (ինչը միշտ բնորոշ է եղել բրենդին): Սուպերքարը, որի արտադրությունը խստորեն սահմանափակված է 499 օրինակով, վաճառքում կհայտնվի 2027 թվականի կեսերին (արտադրությունը կմեկնարկի երկրորդ եռամսյակում):




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան