Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը

Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։ Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգեւոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով արժանի դառնանք տերունապարգեւ փրկության բաղձալի պարգեւին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամեն ինչում Նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող․ Ա 9-10):

Խորհրդաշատ այս ժամանակաշրջանը, սիրելի զավակներ Մեր, լավագույն առիթն է վերստին ամրապնդելու միմյանց հանդեպ սերն ու հարգանքը, լավագույն առիթն է զորացնելու մեզանում հանդուրժողականության ու փոխըմբռնման ոգին՝ մեր մտահայացքի առջեւ ունենալով Սուրբ Գրքի պատգամը, որ եղբայրսիրությունը դեպի Աստված օրհնյալ ճանապարհն է (հմմտ․ Ա Հովհ․ Դ 20-21): Եղբայրսիրությամբ պիտի զորացնենք մեր միասնականությունը Հայրենիքում եւ Սփյուռքում, ազգային եւ ներեկեղեցական մեր կյանքում հաստատենք փոխհասկացության ու գործակցության ոգին եւ առ Աստված ապավինությամբ կերտենք արդար ու լուսավոր գալիքը մեր ժողովրդի: Արդարեւ, սերը քրիստոնեական առաքինությունների բարձունքն է։ Տերունապատվեր այս սերն է ազգային ու հայրենական անդաստանում, ընտանեկան ու հասարակական կյանքում խաղաղության ու բարօրության ապահովման լավագույն գրավականը:

Մեր հորդորն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր, սիրեցյալ զավակներիդ՝ Մեծ Պահքի կարեւոր այս շրջանն անցկացնելու աղոթքով, պահեցողությամբ ու խոկումներով, մասնակցելու մեր եկեղեցիներում կատարվող սրբազան արարողություններին, զորացնելու միմյանց հանդեպ կամեցողության ոգին, առատացնելու բարի գործերը, որպեսզի առավել շենանա ու պայծառանա մեր կյանքը Աստվածաշնորհ օրհնություններով: Մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում եւ Իրաքում բնակվող մերազնյա զավակների՝ մեր եղբայրների ու քույրերի եւ բոլոր ժողովուրդների համար, ովքեր տարիներ շարունակ ապրում են պատերազմական դժվարությունների եւ քաղաքական ալեկոծությունների մեջ:

Երկնավոր Տիրոջ օրհնության հայցով մաղթենք խաղաղություն աշխարհին, մարդկանց սրտերին, խաղաղություն մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, ինչպես եւ՝ հավատքի, հոգեւոր կյանքի պայծառություն, առաջընթաց ու զորացում աշխարհասփյուռ ազգիս հայոց։

Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ եւ ամենքի․ ամեն»: