Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում սպասվող 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միջազգային դիվանագիտական խոհանոցում սկսել են եփվել «արդարության» այնպիսի կերակուրներ, որոնց տհաճ հոտը զգում է յուրաքանչյուր սթափ հայ մարդ։ Եվրոպական պատվիրակների հանկարծակի ակտիվությունը և Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի հարցում «աջակցելու» խոստումները սկսել են հնչել հենց այն ժամանակ, երբ գործող իշխանության վարկանիշը փրկության կարիք ունի։
Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ մարդկային ճակատագրերն ու մեր հայրենակիցների վերադարձի հույսը դառնում են ընտրական մանրադրամ։ Եվրոպական կառույցների այս բացահայտ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին՝ փաթեթավորված «մարդասիրական» շղարշով, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ լեգիտիմացնելու այն ապազգային կուրսը, որն այսօր իրականացվում է մեր երկրում։ Երբ գերիների հարցը շոշափվում է ոչ թե իրավական պարտադրանքի, այլ նախընտրական PR–ակցիաներ համատեքստում, դա վիրավորանք է թե՛ նահատակների հիշատակին, թե՛ անարդարության զոհ դարձած քաղբանտարկյալների ու ռազմագերիների և թե՛ ապրողներիս արժանապատվությանը։
Սուրբ Ներսես Լամբրոնացին մեզ սովորեցնում է. «Այնտեղ, որտեղ շահն է թելադրում բառերը, ճշմարտությունը դառնում է որբ»։ Այսօր մենք տեսնում ենք հենց այդ «որբացած» ճշմարտությունը։ Մեզ փորձում են համոզել, թե արտաքին աջակցությունը ժողովրդավարության համար է, մինչդեռ իրականում այն ուղղված է Եկեղեցին թիրախավորող և ազգային ինքնությունը խարխլող վարչախմբի վերարտադրությանը։ Ինչպե՞ս կարող է եվրոպացի պաշտոնյան խոսել գերիների իրավունքներից, երբ նույն պահին լռությամբ օրինականացնում է հոգևորականի դեմ իրականացվող հալածանքը հենց Հայաստանի ներսում։ Որքան էլ արտաքին ուժերը փորձեն դիվանագիտական ու ֆինանսական «ներարկումներով» կենդանության նշաններ հաղորդել մի վարչախմբի, որը վաղուց կորցրել է սեփական ժողովրդի զգալի հատվածի վստահությունը, միևնույնն է՝ պատմության ընթացքը հնարավոր չէ արգելակել։ Ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությունը Հայաստանում դատապարտված է ձախողման, քանի որ այն բախվում է մեր ազգային ինքնության հազարամյա ժայռին։ Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ թե պարզապես քվեարկության, այլ հոգևոր մաքրագործման սկիզբ, որտեղ կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու՝ հանուն ճշմարիտ արժեքների։ Իշխանությունները կարող են տիրապետել վարչական լծակներին, կարող են վայելել ներսի ու դրսի լուռ համաձայնությունը, բայց նրանք անզոր են այն ուժի դեմ, որը բխում է հավատքից և հայրենասիրությունից։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է և միևնույն ժամանակ հույս տալիս. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չտնկեց, պիտի արմատախիլ արվի» (Մատթ. 15։13)։ Այն ամենը, ինչ այս տարիներին փորձել են պատվաստել հայ մարդու հոգուն՝ ուրացումը, անտարբերությունը և սրբապղծությունը, հենց այդ «չտնկված» տունկերն են, որոնք անխուսափելիորեն արմատախիլ են արվելու։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դիմակայել է կայսրությունների, որոնք այսօր միայն պատմության դասագրքերում են։ Այսօրվա ժամանակավոր իշխանավորները պետք է հիշեն՝ հնարավոր չէ հաղթել մի կառույցի, որի հիմնադիրը Քրիստոսն է, և հնարավոր չէ ծնկի բերել մի ազգի, որի զարթոնքը սկսում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։ Հունիսի 7-ին հայ մարդը քվեարկելու է ոչ թե հանուն «խոստացված» պատրանքների, այլ հանուն իր արժանապատվության, իր Եկեղեցու և իր հարատևության։
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...