Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը
Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին ձևավորված լարվածությունն արդեն սկսում է արտահայտվել ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև տնտեսական գործընթացների մակարդակում։ Մայիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Երևան այցից և դրա ընթացքում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայի արձագանքը գնալով ավելի տեսանելի է դառնում։ Փորձագիտական շրջանակներում արդեն խոսում են այն մասին, որ քաղաքական սառնությունը աստիճանաբար վերածվում է տնտեսական ճնշումների։
Վերջին օրերին սահմանափակումների և արգելքների մի ամբողջ շղթա է արձանագրվել հայկական արտադրանքի նկատմամբ։ Դրանցից ամենաաղմկահարույցը վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրին։ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ արտադրանքի վաճառքը։ Խոշոր խմբաքանակը արգելափակվել է պետական մակնշման համակարգի միջոցով՝ Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականի հիման վրա։ Սա ոչ միայն ֆինանսական հարված է արտադրողին, այլև լուրջ ազդակ հայկական արտահանողների համար, քանի որ խոսքը վերաբերում է ռուսական շուկայում ամենաճանաչված հայկական ապրանքանիշերից մեկին։
Միաժամանակ սահմանափակումների նոր փուլ է սկսվել նաև գյուղատնտեսական և սննդային ոլորտներում։ Ռոսսելխոզնադզորը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի համապատասխան կառույցներին՝ ծաղիկների մատակարարումների սահմանափակման վերաբերյալ։ Թեև պաշտոնական հիմնավորումները ներկայացվում են տեխնիկական և սանիտարական չափանիշների տեսքով, փորձագետների մի մասը համոզված է, որ գործընթացը զուտ տնտեսական կամ տեխնիկական բնույթ չունի։
Խնդիրներ են առաջացել նաև հայկական ալկոհոլային արտադրանքի արտահանման ոլորտում։ Ռուսաստանում կասեցվել է Հայաստանի արտադրության մի շարք ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ հայտնաբերվել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, ինչի հետևանքով դրանց իրացումը դադարեցվել է։
Խախտումներ են արձանագրվել «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրանքում։ Խոսքը վերաբերում է «Գետափ Վերնաշեն», «Հայկական կոնյակ 5 աստղ» և «Շահնազարյան Իքս Օ» արտադրատեսակներին։ Առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին արդեն ուղարկվել են իրացումը կասեցնելու և արտադրանքը շրջանառությունից հանելու մասին ծանուցումներ։
Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական արտահանող ընկերությունները խնդիրների առաջ են կանգնում ռուսական շուկայում։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև հայկական ձկան և ձկնկիթի արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկի նկատմամբ։ Այդ ժամանակ ևս պաշտոնական պատճառաբանությունները կապված էին ստուգումների և պահանջների խախտումների հետ, սակայն հայկական բիզնես միջավայրում այդ գործընթացները ընկալվեցին որպես քաղաքական ազդակ։
Տնտեսագետները նկատում են, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար չափազանց զգայուն է, քանի որ երկրի արտահանման հիմնական ուղղություններից մեկը շարունակում է մնալ ԵԱՏՄ շուկան, իսկ հատկապես ռուսական շուկան շարունակում է կենսական նշանակություն ունենալ մի շարք արտադրողների համար։ Այդ պատճառով ցանկացած սահմանափակում անմիջապես ազդում է ոչ միայն խոշոր ընկերությունների, այլև հազարավոր աշխատողների, մատակարարների և ամբողջ ճյուղերի վրա։
Մասնագետների գնահատմամբ՝ գործող իշխանության մանևրելու հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ կառուցվել է ռուսական շուկայի և ռուսական տնտեսական համակարգի հետ սերտ փոխկապվածության պայմաններում, և այդ կախվածությունը կարճ ժամանակում փոխարինել հնարավոր չէ։ Այս ֆոնին առավել մեծ ուշադրությամբ են հետևում մայիսի վերջին Ղազախստանում նախատեսվող հանդիպմանը, որի շուրջ արդեն շրջանառվում են տեղեկություններ, թե հնարավոր է քննարկվեն նաև ինտեգրացիոն գործընթացների սառեցման տարբերակներ։
Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ եթե հարաբերությունների լարվածությունը շարունակվի նույն տեմպով, տնտեսական ճնշումները կարող են խորանալ։ Նրանց կարծիքով՝ նման զարգացումների պայմաններում Հայաստանի տնտեսությունը կարող է կանգնել ծանր հետևանքների առաջ, իսկ որոշ ճյուղերում իրավիճակը կարող է հասնել նույնիսկ կոլապսի վտանգավոր սահմանին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...