Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ավանդական է դառնում
Ինչպես մեկ տարի առաջ՝ փառատոնի բացումը տեղի ունեցավ հուլիսի 4-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում՝ հովանավորությամբ և աջակցությամբ Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և մի շարք գործընկերների:
Նախորդ փառատոնը նշանավորվեց «Sfeinwat D-274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուրի՝ կապանյան գրանցում ստանալով, որը տեղադրված է արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում: Այս անգամվա նորությունն այն է, որ փառատոնը նախաձեռնող և հիմնադիր Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ նորոգվեց դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրետակոծությունից տուժած երգեհոնը: Երգեհոնահարներ Գարրի Եփրիկյանի և Եգոր Ռուդոմյոտովի ամիսներ տևած աշխատանքի շնորհիվ երգեհոնը երկրորդ կյանք է ստացել: Արժանին մատուցվեց երգեհոնը վերանորոգած երգեհոնահարներին և հմուտ մասնագետներին: Երգեհոնի վերանորոգման հովանավորն են հայկական բարեգործական ընդհանուր միությունը ՀԲԸՄ և Viwa-ն:
Բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ ընդգծելով այն միտքը, որ մեկ տարվա պատմություն ունեցող փառատոնը հասցրել է ուրույն տեղ գրավել կապանյան մշակութային կյանքում, սիրվել հանրության կողմից և դառնալ սպասված երաժշտական տոնախմբություն:
Խորհրդանշական է, որ առաջին կատարումը հնչեց նորացված երգեհոնով: Միջազգային մրցույթի դափնեկիր երգեհոնահարուհի Իրինա Ռոզանովան հնչեցրեց Յոհան Սեբաստիան Բախի «Ֆանտազիա և ֆուգա սոլ մինոր» ստեղծագործությունը:
Կորեական ծագումով ամերիկացի ջութակահարուհի Էլլի Սունը կատարեց Ջորջ Վիդմանի «Էտյուդ մենանվագ ջութակի համար» գործը՝ առաջին անգամ Հայաստան բերված Ստրադիվարիուսի ջութակներից մեկով:
Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսը կատարեց սոպրանո Լիանա Ալեքսանյանը՝ նվագակցությամբ Մարիաննա Շիրինյանի (դաշնամուր):
Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը» հնչեցրին Անդրեյ Գրիդչուկը՝ (ալտ), ում նվագակցում էր Աննա Սարկիսովան (դաշնամուր):
Տպավորիչ էր բելգիացի դաշնակահար Ժուլիեն Լիբերի կատարումը, երաժիշտը կատարեց Արտեմի Այվազյանի «Երևան» ստեղծագործությունը:
Համերգը եզրափակվեց Ռոբերտ Շումանի «Դաշնամուրային կվինտետ մի բեմոլ մաժոր» լայնակտավ ստեղծագործության կատարումով (Մարիաննա Շիրինյան՝ դաշնամուր, Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Էլլի Սու՝ 2-րդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ), որ բուռն արձագանք առաջացրեց դահլիճում՝ չընդհատվող ծափողջույններով: Փառատոնի մեկնարկը տրված է տպավորիչ համերգով...
Այս անգամ ևս Կապան են այցելել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ: Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետաց դասեր, հետաքրքրական հանդիպումներ, համերգներից առաջ հարցեր կուղղվեն հանրաճանաչ երաժիշտ կատարողներին, կկազմակերպվի Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակների ցուցահանդես:
Մի խոսքով՝ երկու շաբաթ Կապանը կապրի երաժշտական լիարյուն կյանքով:
Վահրամ Օրբելյան
Լուսանկարները՝ Հասմիկ Հարությունյանի և Վահրամ Օրբելյանի




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ