Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Հասարակություն

Ինչպես կոտրվեց կայացած, հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ պետություն լինելու համար կարևոր է ունենալ պաշտպանական ուժեր, որոնք կկարողանան պահպանել երկրի անվտանգությունը և կանխել թշնամական հարձակումները։ Բացի արտաքին պաշտպանության ոլորտից, բանակը հաճախ ներգրավվում է նաև ներքին անվտանգության ապահովման գործում՝ աջակցելով արտակարգ իրավիճակների կառավարմանը, տարերային աղետների դեպքում փրկարար աշխատանքներին և այլ հատուկ գործողություններին։

Մյուս կողմից էլ՝ հզոր բանակային ուժեր ունենալու հանգամանքը մեծ դերակատարություն է ունենում նաև դիվանագիտական հարթության վրա հարցեր լուծելու տեսանկյունից։ Ուժեղ բանակ ունեցող երկիրը միջազգային ասպարեզում ավելի ազդեցիկ է, կարող է պաշտպանել իր շահերը և կանխել քաղաքական ու ռազմական ճնշումները։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ զինված ուժերի հնարավորությունների ցուցադրության միջոցով հնարավոր է եղել պայմաններ թելադրել ու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Հատկապես այս հանգամանքն ավելի ցայտուն է դառնում վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ավելի է կարևորվում ուժի գործոնը, ու պետություններն սկսել են ահռելի ներդրումներ կատարել բանակաշինության ոլորտում և հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին։

Սակայն բանակաշինությունը հեշտ գործ չէ, այն պահանջում է ռազմավարական մոտեցում, երկարաժամկետ պլանավորում, տարիների հետևողական աշխատանք ու ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Առավել դժվար է հատկապես զրոյից պաշտպանական համակարգ ստեղծելը։ Օրինակ՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է եղել հիմքերից սկսած բանակի ստեղծումը։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

Եվ եթե չլիներ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության նվիրվածությունը և հետևողականությունը, ոչ միայն կազմավորված բանակ չէինք ունենա, այլև ի վիճակի չէինք լինի դիմագրավել արտաքին սպառնալիքներին և հաղթանակներ կերտել։ Ուզենք թե չուզենք, նրանցից որևէ մեկին ընդունենք թե չընդունենք, սիրենք թե չսիրենք, սակայն իրականությանը պետք է նայել ազնվորեն և նշել, որ բանակաշինության գործում անուրանալի ներդրում են ունեցել Հայաստանի երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բնականաբար՝ Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Միքայել Հարությունյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Յուրի Խաչատուրովը և այլն։ Անունների շարքը կարելի է երկար շարունակել։ Բնականաբար, այդ մարդկանց շարքում նաև իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում նրանք, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել։ Բայց բանակաշինությունը ստատիկ չէ, այն պետք է կարողանալ ժամանակի ընթացքում պահել մարտունակ։ Ու ժամանակ կար, երբ Հայաստանը տարածաշրջանում ուներ ամենամարտունակ զինված ուժերը։ Իհարկե, չենք ասում, որ նախկինում բանակը զերծ է եղել տարբեր թերություններից ու արատավոր բարքերից, ամենևին, բայց կերտվում էր իրապես ամուր, մարտունակ բանակ, որը երաշխավորն էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապահովության, անվտանգության և... խաղաղության: Իսկ այսօր... Այսօր ամբողջովին հակառակ գործընթացին ենք ականատես լինում, երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տարիներ շարունակ հետևողականորեն թիրախավորվում է մեր բանակը։

Դրա շրջանակներում էր, որ գործող իշխանությունները քրեական հետապնդումների շարք սկսեցին այն գործիչների ու սպաների նկատմամբ, ովքեր կանգնած են բանակաշինության հիմքերում կամ մեծ ներդրում են ունեցել բանակի զարգացման գործում։ Ու փոխանակ առկա թերությունները վերացվեին, բանակը հռչակվեց «թալանի օջախ», իսկ սպաները՝ «թալանչիներ»։ Մյուս կողմից էլ՝ ունենք մի իրավիճակ, երբ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալիզմը և փորձը հաշվի չի առնվում։

Բանակի վարկաբեկման արդյունքում բանակային ծառայությունը ոչ միայն գրավիչ չէ, այլև վանող է։ Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ պրոֆեսիոնալներ չեն ցանկանում շարունակել իրենց ծառայությունը կամ հեռացվում են աշխատանքից, իսկ դիլետանտներից ու կոնֆորմիստներից շատերը, որոնք պատրաստ են հլու-հնազանդ կատարել իշխանությունների հրահանգները, կտրուկ առաջխաղացում են արձանագրում։ Բանակի ինստիտուցիոնալ հիմքերի խարխլումը կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, երբ զինված ուժերի մակարդակն իջեցվեց կամավորական ջոկատների մակարդակի, երբ հրահանգվում էր քաղաքապետերի ու գյուղապետերի գլխավորությամբ ջոկատներ ձևավորել ու մեկնել Արցախ՝ կռվելու։ Սպառազինության ձեռքբերման ու կիրառման հարցին իշխանությունները ևս մատների արանքով էին նայում։ Արդյունքում պատերազմի ժամանակ ունեցանք դեպքեր, երբ մեր սպառազինությունն առանց հրթիռների էր, հնացած ու ի վիճակի չէր խնդիր լուծել։ Հենց այդպես էլ հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը կոտրվեց։

Այս պարագայում նույնիսկ վիրավորական է հնչում մի «կարկառուն» քպականի այն հայտարարությունը, թե ինքը Վազգենի գործն է շարունակում, երբ ինքը Վազգենի կառուցած բանակը վարկաբեկող իշխանության մաս է կազմում պարզապես։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում