Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ամերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։
Ֆինանսավորման առնվազն 25%-ը կհատկացվի սահմանված չափանիշներին համապատասխանող կանաչ նախագծերին։ Մնացած միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը. առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինեն կանանց և երիտասարդ ձեռնարկատերերի կողմից ղեկավարվող բիզնեսները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում և գյուղական համայնքներում գործող ձեռնարկությունները։
Այս նոր պայմանագիրն արտացոլում է Ամերիաբանկի և FMO-ի ընդհանուր ձգտումը՝ աջակցելու ներառական տնտեսական աճին, բարձրացնելու տեղական բիզնեսների մրցունակությունը և նպաստելու անցմանը դեպի ավելի կայուն տնտեսություն։
Խոսելով պայմանագրի մասին՝ Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը նշեց. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր երկարատև գործընկերությունը FMO-ի հետ այս գործիքի միջոցով, որն էլ ավելի կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ամբողջ Հայաստանում գործող ՄՓՄՁ-ների համար՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանաչ և ներառական նախագծերին։ Այս համագործակցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանում կայուն աճի խթանման և ձեռնարկատերերի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծման գործում, որը ռազմավարական նշանակություն ունի Ամերիաբանկի համար»։
FMO-ի գործադիր տնօրեն Մայքլ Յոնգենիլը նշեց. «Մեր ներդրումն Ամերիաբանկում արտացոլում է ձեռնարկատերերին սատարելու մեր հանձնառությունը՝ միաժամանակ խթանելով արդար անցումը դեպի ցածրածխածնային և կլիմայական փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն տնտեսություն։ Կանաչ ներդրումներին զուգահեռ ընդլայնելով ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք ձգտում ենք խթանել ներառական աճը և օգնել ապահովել, որ այս անցման օգուտից լիարժեք օգտվի ամբողջ հանրությունը»։
Ամերիաբանկի և FMO-ի գործընկերությունը զգալիորեն ընդլայնվել է 2009 թվականից ի վեր, երբ Ամերիաբանկն առաջին անգամ ֆինանսավորում ստացավ FMO-ից` հայկական ՓՄՁ-ներին և վերականգնվող էներգետիկայի նախաձեռնություններին աջակցելու համար։ Նախորդ 17 տարվա ընթացքում FMO-ն տրամադրել է շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Այս միջոցները նպաստել են Հայաստանում բազմաթիվ բիզնես և վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացմանը՝ աջակցելով ձեռներեցությանը, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և ավելի կանաչ տնտեսության զարգացմանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
FMO
FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն է: Որպես առաջատար իմփաքթ-ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում և ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին` ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը` FMO-ն արդեն ավելի քան 50 տարի է, ինչ ֆինանսավորում է ձեռներեցներին՝ տեղական տնտեսություններն ավելի ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն դարձնելու համար: FMO-ն իր գործունեության համար առանձնացնում է երեք հիմնական ոլորտ, որոնք մեծ ազդեցություն ունեն զարգացման տեսանկյունից` ագրոբիզնես, պարենային և ջրային տնտեսություն, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆել ավելի քան 85 երկրում` FMO-ն հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմ բանկերից մեկը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl. կայքը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...