Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական պարտքի խայտառակ մեծացումը վերջին տարիներին դարձել է տնտեսության առանցքային խնդիրներից մեկը, որը ոչ միայն ֆինանսական ճնշում է ստեղծում, այլև լրջորեն սպառնում է երկրի տնտեսական անկայունությանը և ապագա զարգացման հեռանկարներին: 2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը հասել է 14,5 միլիարդ դոլարի, որը ներառում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի հանրագումարը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 13,1 տոկոսով կամ շուրջ 1,7 միլիարդ դոլարով, իսկ 2018 թ. համեմատ ավելացել է մոտ 2,2 անգամ:

Կոնկրետ 2024 թ. համեմատ աճը հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի կտրուկ բարձրացմամբ, որը տարեվերջին կազմել է 7,5 միլիարդ դոլար՝ տարեսկզբից ավելանալով 1,1 միլիարդով կամ 17,3 տոկոսով, մինչդեռ ներքին պարտքի հիմնական մասը ձևավորվում է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերով:

Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ՝ պետությունը ստիպված է մարել նաև հին պարտքերը, և հատկապես 2025 թվականը եղել է ծանր տարի այդ առումով, քանի որ մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 750 միլիարդ դոլար ծավալով եվրոբոնդեր, որոնք նոր և ավելի թանկ պարտք են հանդիսացել՝ արտաքին պարտքի կառուցվածքում մեծացնելով ծանրաբեռնվածությունը: Այս եվրոբոնդերի թողարկումը ստիպել է պետությանը ավելի բարձր տոկոսադրույքներով պարտավորություններ ստանձնել, ինչը հանգեցրել է ընդհանուր պարտքի բեռի աճին, մինչդեռ ֆինանսների նախարարության հրապարակած՝ 2026 թվականի փոխառությունների ծրագիրը ցույց է տալիս, որ բյուջեի պակասուրդը կկազմի 537 միլիարդ դրամ՝ ֆինանսավորվելով 210 միլիարդով՝ ներքին աղբյուրներից և 327 միլիարդով՝ արտաքինից, իսկ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կավելանա 3,3 տոկոսային կետով: Այս թվերը հստակ ցույց են տալիս պարտքի աճի անկայուն դինամիկան, որտեղ կառավարությունը շարունակում է հենվել պարտքային ֆինանսավորման վրա՝ առանց բավարար միջոցներ ապահովելու բյուջեի կայունացման կամ եկամուտների բարձրացման ուղղությամբ:

Հայաստանի պարտքային վիճակը հատկապես անբարենպաստ է տարածաշրջանային համատեքստում, քանի որ Հարավային Կովկասի երկրների շարքում այն ունի ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձր պարտքի մակարդակը: Մասնավորաբար, ըստ ԱՄՀ տվյալների՝ այն կազմում է 53,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է հարևանների ցուցանիշները. օրինակ՝ Վրաստանում այն 34,2 տոկոս է, Իրանում՝ 35,6 տոկոս, Ռուսաստանում՝ ընդամենը 23,1 տոկոս, իսկ Թուրքիայում և Ադրբեջանում, համապատասխանաբար, 24,3 և 22,4 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանը կրկնակի, նույնիսկ եռակի ավելի ծանրաբեռնված է պարտքերով, քան հարևանները։ Սա ստեղծում է անհամեմատ վատ դիրքեր տնտեսական մրցունակության և ֆինանսական անկայունության առումով: Համեմատությունը ոչ միայն վեր է հանում կառավարության ֆինանսական քաղաքականության թերությունները, այլև ընդգծում է, թե ինչպես է պարտքի բեռը դառնում խոչընդոտ տարածաշրջանային առևտրի, ներդրումների և տնտեսական ինտեգրման համար:

Պարտքի այս բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ տնտեսությունից հավաքված հարկերի գրեթե 14 տոկոսը ծախսվում է միայն տոկոսների վճարման վրա, իսկ վերջին տարիներին պարտքի սպասարկման ծախսերը տարեկան հասնում են 1 միլիարդ դոլարի, ինչը նախկինում 2-3 անգամ ցածր էր։ Եթե պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը լիներ 25-26 տոկոս, ապա այդ ծախսերը կկրճատվեին առնվազն կրկնակի՝ միջոցներ ազատելով սոցիալական, ենթակառուցվածքային և պաշտպանական ծրագրերի համար: Այնինչ, պարտքային բեռի աճը և 7 տարում պարտքը 6,7 միլիարդից 14,5 միլիարդ դոլարի հասցնելը վկայում է իշխանությունների անզուսպ պարտքային ախորժակի մասին, որն այժմ նրանք նույնիսկ փորձում են ներկայացնել որպես «առավելություն» կամ «հնարավորություն», թեև դա շատ լուրջ մտահոգության առարկա է։

Պարտքի ավելացման վտանգները բազմաշերտ են և կարող են հանգեցնել սարսափելի հետևանքների, եթե ժամանակին չձեռնարկվեն միջոցներ, քանի որ բարձր պարտքային բեռը սահմանափակում է բյուջետային ճկունությունը՝ ստիպելով կառավարությանը առաջնահերթություն տալ դրա սպասարկմանը, ինչի արդյունքում կզոհաբերվի կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը: Իսկ եթե գլոբալ տնտեսական ճգնաժամ առաջանա, տոկոսադրույքները կտրուկ բարձրանան կամ «թանկանան» արտարժույթները, որոնցով Հայաստանը պետք է կատարի իր պարտքի վճարման պարտավորությունները, ապա սպասարկման ծախսերը կարող են միանգամից ավելանալ՝ հանգեցնելով բյուջետային ճգնաժամի, հարկային բարձրացումների կամ նոր պարտքերի շղթայական ցիկլի, ինչը կխաթարի ներդրողների վստահությունը և կսահմանափակի տնտեսական աճը:

Պատմականորեն բարձր պարտքային մակարդակները հաճախ հանգեցրել են սուվերեն պարտքի ճգնաժամերի, ինչպես Հունաստանում 2010 թվականներին կամ Արգենտինայում, որտեղ պարտք/ՀՆԱ հարաբերակցության՝ 50 տոկոսից անցնելը պատճառ դարձավ լուրջ անկայունացման գործընթացի մեկնարկի։ Հայաստանի դեպքում դա կարող է ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով կախվածությունը արտաքին օգնությունից, հանրագումարային փոխանցումներից և այլ գործոններից:

Ավելին, թեև ներքին պարտքի աճը թվում է «անվտանգ», իրականում ռիսկային է, քանի որ հիմնված է տեղական բանկերի և ռեզիդենտների վրա, սակայն տոկոսադրույքները երբեմն խրախուսում են կապիտալի արտահոսքը և ինֆլյացիոն ճնշումները։ Իսկ եթե տեղական շուկան սկսի լճանալ, կառավարությունը ստիպված կլինի դիմել արտաքին շուկաներին՝ ավելի բարձր ռիսկերով: Տարածաշրջանային համեմատության առումով հատկանշական է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցածր պարտքերը թույլ են տալիս նրանց ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ռազմական հզորացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ Վրաստանն իր ցածր պարտքով ավելի հեշտությամբ գրավում է օտարերկրյա ներդրումներ: Այս ամենը անհավասարակշռություն է ստեղծում՝ ոչ հօգուտ Հայաստանի։

Կառավարության պատճառաբանությունը, թե պարտքը «հնարավորություն» է ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի համար, անտեսում է այն փաստը, որ առանց արդյունավետ օգտագործման այն դառնում է ծանր շղթա, որը սահմանափակում է ֆիսկալ քաղաքականության ճկունությունը, խրախուսում է կոռուպցիան և հանգեցնում է տնտեսական դանդաղման:

Հայաստանի տնտեսական ապագայի մասով պարտքերով երկիր պահելը կարող է դառնալ դանդաղ գործող ռումբ։ Պետական պարտքի արագ աճի տեմպի առաջն առնելու համար կառավարությունն ուղղակի պարտավոր է անհապաղ անցնել խիստ ֆիսկալ քաղաքականության, կրճատել ոչ արդյունավետ ծախսերը, խթանել հարկային բազան՝ առանց բարձրացնելու դրույքաչափերը, և խրախուսել մասնավոր ներդրումները:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում