QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն Մանվելյան
QS World University Rankings 2027. Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը
Մեր բարձրագույն կրթության ողբալի վիճակի մասին
Հրապարակվել է աշխարհի ամենահեղինակավոր համալսարանական վարկանիշներից մեկը՝ QS World University Rankings 2027-ը, և Հայաստանի համար արդյունքները վիճակագրությունից զատ կրթական քաղաքականության, գիտության և մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ լուրջ ազդանշան են։
Այսօր Հայաստանը QS-ի ամբողջ վարկանիշային ցանկում ներկայացված է ընդամենը մեկ բուհով՝ Երևանի պետական համալսարան, որը գտնվում է 1001-1200-րդ հորիզոնականում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը չունի որևէ համալսարան աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում։
Մինչդեռ մեր տարածաշրջանում պատկերն այլ է.
Ադրբեջանն ունի 7 համալսարան լավագույն 1000-ում,
Իրանը՝ 8,
Թուրքիան՝ 11։
Նույնիսկ հետխորհրդային տարածքում Հայաստանը հայտնվել է ամենացածր դիրքերում։
Ղազախստանը լավագույն 1000-ում ունի 8 բուհ, Ռուսաստանը՝ 21, Էստոնիան՝ 3, Լիտվան՝ 4։ Նույնիսկ այն երկրները, որոնք երկար տարիներ ունեցել են տնտեսական և քաղաքական ծանր մարտահրավերներ, կարողացել են միջազգային ակադեմիական տարածքում ապահովել ավելի տեսանելի ներկայություն։
Ու սա միայն համալսարանների խնդիրը չէ։
Սա գիտության ֆինանսավորման, միջազգային համագործակցության, հետազոտական մշակույթի, կրթության որակի, դասախոսական կազմի զարգացման, օտարերկրյա ուսանողների ներգրավման և պետության ռազմավարական առաջնահերթությունների խնդիր է։
Տարիներ շարունակ Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների մասին շատ է խոսվել, սակայն միջազգային չափելի արդյունքները ցույց են տալիս, որ մենք ոչ միայն առաջընթաց չենք գրանցում այն տեմպերով, որոնք անհրաժեշտ են, այլև հետ ենք մնում այն երկրներից, որոնց հետ սովորաբար մեզ համեմատում ենք։
Ամենացավալին այն է, որ Հայաստանը մշտապես հայտարարում է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու, տեխնոլոգիական կենտրոն դառնալու և մարդկային կապիտալի վրա հիմնված զարգացման մասին։ Սակայն գիտելիքահենք տնտեսություն հնարավոր չէ կառուցել առանց միջազգային մրցունակ համալսարանների և հետազոտական կենտրոնների։
Եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ պետություն, ապա պետք է ազնվորեն արձանագրենք՝ համալսարանները ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և պետական մրցունակության հարց են։ Իսկ ներկայիս ցուցանիշները ցույց են տալիս, որ այս ոլորտում մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առաջ։
QS 2027-ի արդյունքները պետք է ոչ թե հերթական վիճակագրական հրապարակում դառնան, այլ առիթ՝ վերանայելու մեր բարձրագույն կրթության քաղաքականությունը և վերջապես համալսարանները դիտարկելու որպես երկրի զարգացման ռազմավարական հիմնասյուներ։




















Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայն...
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցություններ...
«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին
«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության ...
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին