«Քաշքշոց, գերի ընկնել, մտնում պալատկեքից հանում էին, հրաման ա եղել չկրակելու». ինչ է կատարվել իրականում և ինչպես են գրավվել դիրքերը
Նոյեմբերի 14-16-ին Սիսիանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ այս օրերին տարբեր բաներ գրվեցին։ Բայց շատ հարցերի պատասխաններ դեռ չեն տրվել։ Օրինակ՝ քանի զոհ, քանի վիրավոր ու գերի կամ անհետ կորած ունենք մենք, ի վերջո։ ՊՆ-ն երեկ 6 զոհի անուն հրապարակեց, բայց դրանց թիվը, մեր տեղեկություններով, ավելին է, ու քանի որ 20-ից ավելի անհետ կորածի մասին է խոսվում, որոնց հետ կապը կորել է, չի բացառվում, որ բացակա զինվորականների թիվն էլ շատ ավելի մեծ է, եւ նրանց մի մասը նաեւ զոհվել է, պարզապես չեն կարողանում հայտնաբերել, եւ քանի դեռ դիերը հայկական կողմում չեն, նրանց անհետ կորած են կոչելու։
Մամուլում գրվեց նաեւ, որ զինվորներին չկրակելու հրաման է տրվել, Նիկոլ Փաշինյանն էլ հետո ԱԺ ամբիոնից բացառեց դա՝ նշելով, թե չկրակելու հրաման տալը պետական դավաճանություն է, չնայած օրեր առաջ ասել էր, որ նահանջի հրամանն անձամբ ինքն է տվել, ինչը գրեթե նույն չկրակելու հրամանն է։ Տեղեկություն կար նաեւ, որ նոյեմբերի 17-ին պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանը հենց դրա համար է դիմում գրել հեռացել, որ համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի՝ չկրակելու հրամանի հետ եւ գտել է, որ պետք է հակադարձել հակառակորդին։
Վերջին զինված բախումներին ՄՈԲ-ի կազմում մասնակցածներից մեկը, որը չցանկացավ իր անունով ներկայանալ, մեզ որոշ բաներ պատմեց այդ իրադարձությունների եւ երկօրյա մինի պատերազմի մասին։
Ինչ վերաբերում է չկրակելու հրամանին, ասաց․
«Տեսեք՝ ոնց է եղել բուն եղելությունը։ Իրենք առաջին օրը եկել են ոտքով ու տեխնիկայով, իրենց վրա ոչ ոք չի կրակել՝ քաշքշոց-բան, գերի ընկնել, էդ վիդեոները որ կան, էդ որ մտնում պալատկեքից հանում էին, էդ առաջին օրվանն էր, որովհետեւ հրաման ա եղել չկրակելու։ Տեսեք՝ ոնց ա եղել էդ չկրակելու հրամանը․ էդ լինյայի պատասխանատուն փոխգնդապետ Իրիցյանն է՝ շատ լուրջ տղա է, էնքան լուրջ տղա է, որ ապրիլից, որ իրենք մտել են, ինքն ընդամենը 20 օր է տանը եղել․ ամեն օր դիրքերում է։ Էս տղեն ասել է՝ պիտի կրակեն, ասել են՝ չես կարա կրակես, ասել ա՝ ինչի՞, ասել ա՝ նախարարդ ա տենց հրաման տվել՝ Արշակը։ Իրիցյանն էլ ռացիան վերցնում պախարակում ա։ Դրանից հետո ռազմական ոստիկանությունը գալիս էս տղուն ու տեղակալին բռնում-տանում ա։ Ու լինյան մնում է անտեր։ Հետո նախարարը փոխվում ա, գալիս ա Սուրոն (Սուրեն Պապիկյանին նկատի ունի)։ Իրիցյանին բաց են թողնում, գալիս ա լինյա, ու սկսում են մերոնք փրթել»։ Նա նաեւ ասաց, որ թշնամին մեզնից վերցրել է երկու դիրք, որոնք «Պալկովնիկներ» են կոչվում։
Փորձեցինք նորից ճշտել՝ ուղիղ ձեւով Արշակ Կարապետյանի կողմի՞ց է տրվել չկրակելու հրամանը, մեր զրուցակիցն ասաց․
«Գիտե՞ս ինչու են ասել՝ մի կրակեք, որովհետեւ եկել են իրենք, մեր զինվորները կանգնած են եղել, չեն կրակել, փորձել են կրկնակի ճշտել՝ կրակե՞ն, թե՞ չէ, ու ասել են՝ չէ, դեռ մի կրակեք։ Բայց, օրինակ, ես չեմ հարցրել՝ կրակեմ, թե չէ, գալիս ա վրես, ի՞նչ անեմ, չկրակե՞մ»։
Hraparak.am




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին