«Վերնագրակառավարվող», մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող
Ինչ-որ մի չորրորդական կայքում զետեղված նյութի վերնագիրը տարօրինակ էր. «Ադրբեջանից կաշառք ստանալու համար քրգործ է հարուցվել»: Պարզվեց՝ ընդամենը պետական քննչական մարմնի «շարքային» հաղորդագրություն է առ այն, որ ինչ-որ մեկը կաշառք է վերցրել, այդ փաստով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Վե՛րջ: Ոչ մի ադրբեջանական-մադրբեջանական հետք-մետքի մասին անգամ հիշատակում չկար: Բայց ի՛նչն էր հետաքրքիր. հարյուրավոր «հավանումներ» և մոտ 400 մեկնաբանություն, որոնց գերակշիռ մեծամասնությունն այն մասին էր, թե «Ադրբեջանից կաշառք ստացածների» հետ հատկապես ոնց է պետք վարվել: Յուրաքանչյուրն, ըստ իր մակարդակի, մահապատժի կամ պարզապես պատժի տարբերակ էր նշել: Եվ միայն 1 (մեկ) հոգի էր նկատել, որ վերնագիրն ու դրա տակ եղած հրապարակումը միմյանց չեն համապատասխանում, քանի որ, ինչպես ասվեց՝ ոչ մի Ադրբեջանի մասին անգամ հիշատակում չկար: Այսինքն, նյութը կարդացել էր երևի թե այս մեկը, դե, գոնե մեկնաբանություն գրողների մեջ:
Կասեք, թե՝ եզակի դե՞պք է: Ամենևին: Իրականում սա միայն մեկ օրինակ է: Ցավոք, նման օրինակները քիչ չեն: Թարմ օրինակ. հիշո՞ւմ եք, թե նույն «ֆեյսբուքա-Հայաստանն» ինչպես էր բորբոքվել ընդամենը մի քանի օր առաջ (ասենք՝ այդ ե՞րբ բորբոքված չէ, «բերանի ծամոն» լինի»), երբ մեկը գրեց, թե Ալիևը Ստեփանակերտի պարետ է նշանակել Արցախում մնացած ազգությամբ հայ մի չինովնիկի: Մենք հատուկ անուններ չենք նշում այստեղ, նաև չենք նշում, թե այդ լուրը հատկապես ում քարոզչական շահերն սպասարկող էր տարածել, և ովքեր, ինչ շրջանակներ էին այն ինտենսիվորեն շրջանառում: Տվյալ դեպքում հարցն այլ է: Հիշո՞ւմ եք, թե ինչ կարգի անեծքներ, լուտանքներ ու վիրավորանքներ էին տեղում տվյալ «պարետի» հասցեին: Իսկ նախօրեին պարզվեց, որ դա ամենաիսկական սուտ էր:
Հաղորդվեց, որ Ալիևն ինչ-որ հերթական սաֆարովի Ստեփանակերտի պարետ է նշանակել: Ահա այսպես, «վերնագրակառավարվող», դյուրությամբ մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող հասարակություն ենք դարձել: Եթե իհարկե, մեր հանրային ամբողջությունը հիմա կարող է հասարակություն համարվել: «Եթե», որովհետև հասարակությունները, սովորաբար, ունենում են միավորող նպատակներ, խնդիրներ, ոտքի են ելնում, երբ ոտնահարվում են ազգային ու պետական շահերը: Վերադառնանք մանիպուլացվելուն, ամեն մի սուտ արագորեն կլանելուն և դա ուղեցույց համարելուն: Անունն ինչ ուզում եք՝ դրեք: Ցանկանո՞ւմ եք, կոչեք տեղեկատվական անվտանգություն, կուզեք՝ մեդիագրագիտություն: Չկա: Արգելակման բոլոր հնարավոր կոճղակները լրիվ մաշված են: Հանդիպում են մարդիկ, որ «խոսում» են զանազան «փերֆեքթթիվիների» «վերնագրերով»:
Բայց ավելի ցավալի է, որ շատերն ապրում են հենց այդ «վերնագրային» իրականության մեջ, ու ոչ մի կերպ դուրս գալ չեն ցանկանում: Հանրագումարում, երբ փորձում ես նման մեկից գոնե մի հոդաբաշխ արտահայտություն կորզել, ստանում ես հանրահայտ պերսոնաժ Շուրա Բալագանով դամբանական խոսքը՝ սագագող Պանիկովսկու շիրիմի մոտ՝ անհեթեթ, անկապ, ինչ-որ ֆրազների անիմաստ շարք: Այդպես հասարակություններ չեն ձևավորվում: Այդպես հասարակությունները քայքայվում ու կործանվում են: Հիմա՝ «ամենաթարմի» մասին: Նախօրեին ոճրագործ, պատերազմական հանցագործ Ալիևը, որը վաղ թե ուշ ստանալու է իր վաստակած հատուցումը, եթե աշխարհում նույնիսկ 1 հայ մնա, շտապել էր Ստեփանակերտ, որտեղ 1 հայ էլ, ասում են, չի մնացել: Դե, իր ադրբեջանական դրոշը տնկեց, Արցախի նախագահական նստավայրի շենքի ճակտոնին ադրբեջանական զինանշանը կպցրեց...
Ինչո՞ւ է նա նման «թատրոն տալիս»: Չէ՞ որ նրա նաև այդ քայլերը համալրում կամ ընդգծում են իր իսկ ցեղասպանական ոճիրները: Այսպես ասած՝ «ծանրացնում են մեղքը»: Հարկավ, հնարավոր է, Ալիևը «հաղթական խումհարի» մեջ է և այդպիսով ուզում է ավելի ու ավելի հերոսական երևալ «իր ժողովրդի» աչքին: Բայց թշնամու բոլոր այդ ցուցադրական դրսևորումների հիմնական թիրախը Հայաստանը և հայությունն են: Թշնամին շատ լավ գիտի և տեսնում է, թե որքան խոցելի ու մանիպուլացվող է մեր հասարակության մի զգալի մասը, և ձգտում է հնարավոր առավելագույնը քամել դրանից: Դա սովորական տեղեկատվական տեռոր է, ու այդպիսի ցուցադրական շոուներ նա հաճախ է անելու: Կարևորը՝ դրան կուլ չգնալն ու հնարավորինս այդ ամենը տարածելուց զերծ մնալն է: Այնինչ, ցավոք, թշնամու այդ տեղեկատվական, քարոզչական հարձակումներին դիմակայում են առանձին անհատներ:
Այնինչ, այստեղ առաջնային պետք է լիներ, այսպես կոչված, «պետական քարոզչություն» ասվածը, որը, ցավոք, այդ, ինչպես և նմանատիպ հարցերում գրեթե լիովին բացակա է և ակտիվանում է միայն ներքաղաքական խնդիրների դեպքում կամ Նիկոլ Փաշինյանի «աննախադեպիզմը» քարոզելու համար: Թեպետ ինչ արժե ակնկալել մի իշխանությունից, որը միայն «մտահոգ հետևում էր», թե... ինչպես է Ադրբեջանը ցեղասպանության, էթնիկ զտման ենթարկում Արցախի հայությանը, հայաթափում Արցախը:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան