Պատկերելով ձայներն ու զգացմունքները. նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի հիմքում նորը փնտրելու ու գտնելու գաղափարն է
Հուլիսի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում եռուզեռ էր, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումն էր, որը կրում է «Անտեսանելին տեսանելի» խորագիրը: Նախքան ցուցահանդեսի պաշտոնական բացումը, մի փոքր շրջեցինք ցուցասրահում: Տաք գույների արձակած ջերմությունից լիցքավորվելուց հետո «Փաստը» զրուցեց նկարչուհու հետ: Սա նրա անհատական հինգերորդ ցուցահանդեսն է, միևնույն ժամանակ մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների, բացի դա, ինքը ևս կազմակերպում է ցուցահանդեսներ: «Այս մեկը կտրականապես տարբերվում է նախորդներից, որովհետև մինչ սա աբստրակտ ժանրի մեջ անհատական ցուցահանդես չեմ ունեցել: Բացի նրանից, որ աբստրակտ ժանր է, սա սուր, ոչ օբյեկտային աբստրակցիայի ժանր է, որտեղ չկան կերպարներ, հայտնի և սովորական պեյզաժներն ու նատյուրմորտները: Ինձ համար այդ էտապն անցել է, սիրում եմ անընդհատ նոր էքսպերիմենտներ անել»,-ասում է նկարչուհին: Իսկ ես արձագանքում եմ` փաստորեն, ինքներդ կարիք եք ունենում նոր բան ստեղծելու և, իհարկե, նոր զգացողությունների: «Ստեղծագործողն այդպիսին պետք է լինի: Անընդհատ փնտրել նորը, ստեղծել նորը, բայց կայուն լինել շատ: Միշտ գունագեղ նկարչություն եմ ունեցել: Սիրում եմ փորձարկումներ անել նաև գույների հետ: Իհարկե, ամեն նկարիչ ունի իրեն բնորոշ գույները: Ինձ համար, որքան էլ վառ գույներ լինեն, միևնույնն է` գույների մեջ կան ինչ-որ երանգներ, որոնք իմ երանգներն են, դա վստահաբար կզգա իմ գործունեությանը հետևող յուրաքանչյուր ոք»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է` ցուցահանդեսը հիմնականում նվիրված է ձայներին և զգացմունքներին: «Իմ ցուցահանդեսի նկարները նախապես տեսնելով` Հայկ Իսրայելյանը ոգեշնչվել և ստեղծել է երաժշտություն»,-արձագանքում է նկարչուհին, երբ ասում եմ, թե յուրահատուկ խշշոց է հնչում սրահում:
Ի դեպ, յուրօրինակ էր ոչ միայն երաժշտությունը, ցուցահանդեսն առանձանում էր նաև մարդկային պլաստիկայի գոյությամբ. Մնջախաղի թատրոնի հետաքրքիր բեմադրությունը՝ որպես ապացույց:
Զրույցն ավարտելուց հետո Արմինեի հետ շտապում ենք Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահ: Այն բազմամարդ է, այստեղ են հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ և հատուկ հյուրեր, նկարչուհու ընտանիքի անդամներն ու ընկերները: Շնորհավորանքներ, ծաղիկներ, գրկախառնություններ, իհարկե, ողջույնի խոսք ևս: Նախ՝ ներկայացնում են նկարչուհու խոսքը, թե ինչ է նա ցանկացել «ասել» այս ցուցահանդեսի միջոցով: «Ի՞նչ են իրենցից ներկայացնում զգացմունքները, հույզերը և շատ այլևայլ անտեսանելի երևույթներ: Ունե՞ն որևէ պատկերային համարժեք, որը հնարավոր է արտաբերել և ձև ստանալ... Ֆիգուրատիվ արվեստից հետո ինձ համար բացահայտեցի անառարկայական աբստրակտ ժանրի նկարչությունը, որն անսահման ազատություն և ստեղծագործելու հնարավորություն տվեց ինձ, և վերածնվեց գաղափարն ու ցանկությունը պատկերել «անտեսանելին»։ Կտավը հնարավորություն է տալիս փորձարկել տարբեր տեխնիկաներ, և իմ նոր գործերի մեջ կտեսնեք թղթի և այլ նյութերի կիրառման փորձը։ Ինձ միշտ հետաքրքիր է փնտրել, փորձարկել և գտնել, այս գործերի մեջ երևում է այդ փնտրտուքի ընթացքը` զգացմունքների և ձայների տեսակներ, այն, ինչ դարձել է այս ցուցահանդեսի ոգեշնչման նյութը... Զգացմունքներ նկարելը ոչ մեկին չի պարտադրում նույն պատկերացումը ձևակերպել, բայց մոտեցնում է ձեզ իմ մտածելակերպի ընկալմանը։ Բարի գալուստ իմ ձայների և զգացմունքների պատկերային աշխարհ»,-ահա այս խոսքերով մեկնարկեց Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը:
Այնուհետև բարձրախոսին մոտեցավ ինքը` հեղինակը: Շնորհակալություն հայտնեց հյուրերին` իր կողքին լինելու համար: «Այն զանգակները, որ տեսաք ցուցահանդեսի մեկնարկին, իմ էությունն է շատ երկար տարիներ, դրանք ինձ բերեցին մի զգացմունքային աշխարհ, երբ սկսեցի ձայն նկարել»,-ընդգծեց նկարչուհին` տեղեկացնելով, որ հաջորդ տարի աշնանը տեղի կունենա այս ցուցահանդեսի երկրորդ մասը` նորաձևության շոուով:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց նկարչուհուն ցուցահանդեսի կապակցությամբ: «Արմինեի մասին երկար կարելի է խոսել, նա միշտ պրպտող է, միշտ նոր գաղափարների սկիզբ դնող: Երկար տարիներ ճանաչում ենք իրար, Արմինեն նաև Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավարն է: Միասին տարբեր նախագծեր ենք իրականացրել, նաև արտերկրում: Վստահաբար, ամեն ինչ առջևում է»,-եզրափակեց Սաֆարյանը` նկարչուհուն հանձնելով ցուցահանդեսի վերաբերյալ հավաստագիրը:
Արմինե Թումանյանի՝ ձայների ու զգացմունքների աշխարհին կարող եք ծանոթանալ` մինչև հուլիսի 24-ն այցելելով Հայաստանի նկարիչների միություն:
Լուսինե Առաքելյան



























«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին